Ռեգեներատիվ Վիրաբուժություն

2013 թվականին, աշխարհում հայտնի ԱՄՆ Պիտսբուրգի համալսարանի և Իսպանիայի բջջային տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետների աջակցությամբ «Ավանգարդ Մեդ» բժշկական կենտրոնում հիմնվեց ռեգեներատիվ պլաստիկ վիրաբուժության կլինիկան, որտեղ ձեռք բերված նորագույն սարքավորումների միջոցով հնարավոր դարձավ սեփական ճարպից ստացված բջիջների օգնությամբ կատարել ինչպես վերականգնողական, այնպես էլ էսթետիկ վիրահատություններ՝ առանց կտրվածքների և սպիների:
Մասնավորապես կատարվում է.

  • դեմքի և ձեռքերի երիտասարդացում
  •  կրծքագեղձերի մեծացում
  •  հետայրվածքային և հետվնասվածքային սպիների հարթեցում
  •  մարմնի տարբեր մասերի կոնտուրների անհարթությունների ու դեֆորմացիաների ուղղում
  •  քրոնիկական, դիաբետիկ, ճառագայթային թերապիայից առաջացած վերքերի բուժում և այլն։

Ռեգեներատիվ բժշկության պատմությունը․․․
Ռեգեներատիվ պլաստիկ վիրաբուժության հիմքը դրվեց 2000 թ․-ին, երբ Զուկը լիպոսակցիայից ստացված ճարպում հայտնաբերեց բջիջներ, որոնք ունեն ռեգեներատիվ հատկություններ: Դրանք մեզենքիմալ ցողունային բջիջներ են, որոնք առկա են օրգանիզմի բոլոր հյուսվածքներում: Ճարպում այս բջիջների քանակն ավել է, քան նույնիսկ ոսկրածուծում, որը ցողունային բջիջների ամբար է համարվում: Եթե մինչ այդ ճարպը դիտարկվում էր որպես էներգիայի աղբյուր, էնդոկրին օրգան, ապա այժմ հայտնի է նաև ճարպի այլ՝ ռեգեներատիվ հատկությունները:
Ռեգեներատիվ բժշկությունը՝ էնդոգեն ցողունային բջիջների ակտիվացման կամ բջիջների պատվաստման ճանապարհով հիվանդության կամ վնասվածքի հետևանքով առաջացած ախտահարված հյուսվածքի վերականգնումն է:
Մեզենքիմալ ցողունային բջիջներն սկսեցին լայնորեն կիրառվել նաև էսթետիկ վիրաբուժության մեջ այդ թվում դեմքի, ձեռքերի, պարանոցի երիտասարդացման, մարմնի տարբեր մասերի կոնտուրների հարթեցման, ինչպես նաև կրծքագեղձերի մեծացման համար։
Պլաստիկ ռեգեներատիվ վիրաբուժությունը զբաղվում է նույն խնդիրներով, ինչ ավանդական պլաստիկ վիրաբուժությունը, սակայն ռեգեներատիվ տեսանկյունից` օգտագործելով օրգանիզմի վերականգնողական հատկությունները:
Մեթոդը
Ճարպի պատվաստման նոր մեթոդոլոգիայի էությունը հետևյալն է. կատարվում է պացիենտի լիպոսակցիա (հիմնականում պացիենտի համար ճարպային կուտակումների ոչ ցանկալի տեղից), այնուհետև պացիենտից ստացված սեփական ճարպային հյուսվածքից հատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ (GID, արտադրություն, ԱՄՆ) անջատվում է ռեգեներատիվ հատկություններով օժտված բջիջների խումբ՝ այսպես կոչված հենքային անոթային ֆրակցիան, որտեղ առկա են նաև մեզենքիմալ ցողունային բջիջներ:
Պատվաստման համար նախատեսված ճարպային հյուսվածքը հարստացվում է այս ֆրակցիայով և հատուկ կանյուլաների օգնությամբ ներմուծվում մարմնի այն հատվածները, որոնք կարիք ունեն շտկման կամ վերականգնման:
Այս բջիջներն ունեն արտահայտված հակաբորբոքային, վերաանոթավորման, մաշկի էլաստիկության վերականգնման ազդեցություն, որոնցով էլ պայմանավորվում է հետվիրահատական արդյունքը, օրինակ՝ վերացնում են կնճիռները, նույնիսկ մաշկի մուգ գունավորումն ու արտահայտված ծակոտիները: Ամբողջ վիրահատությունը կատարվում է առանց կտրվածքների, շատ փոքր անցքերի միջոցով, որոնք հետագայում պրակտիկորեն անտեսանելի են դառնում:

Մեթոդը կիրառվում է հետևյալ դեպքերում՝

  • Դեմքի, ձեռքերի, պարանոցի երիտասարդացում,
  • մարմնի տարբեր դեֆեկտների ուղղում (կոնտուրային պլաստիկա),
  • հետայրվածքային, հետվնասվածքային սպիների պլաստիկա,
  • քրոնիկ վերքերի բուժում (ներառյալ պոստտրոմբոֆլեբիտային և դիաբետիկ)
  • կրծքագեղձերի, հետույքի մեծացում,
  • ռադիացիոն վերքերի բուժում (մեթոդը հանդիսանում է այս վերքերի բուժման հայտնի միակ եղանակը)
adminՌեգեներատիվ Վիրաբուժություն